Սեքսոլոգիա
Սեռական ցիկլի ցավային խանգարումներ
Վագինիզմը պատկանում է փսիխոգեն սեռական խանգարումների շարքին, որի ժամանակ բացակայում են սեռական համակարգի օրգանական ախտահարումները։
ԲՆՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ DSM IV-ի` « Վագինիզմը կրկնվող կամ մշտական վիճակ է, որի ժամանակ տեղի է ունենում հեշտոցի արտաքին մեկ երրորդի ակամա ջղաձիգ կծկում՝ անհնարին դարձնելով սեռական հարաբերությունը»։ Այն մեծ անհանգստություն է պատճառում անձին կամ առաջացնում միջանձնային խնդիրներ և պայմանավորված չէ որևէ այլ հիվանդության առկայությամբ։
Հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ տարբերակում այս սեռական խանգարումը նշվում է իբրև փսիխոգեն վագինիզմ և հատուկ շեշտվում է, որ այլ հիվանդությունների ժամանակ առաջացող ցավին սպաստիկ կծկման ձևով հեշտոցային հակազդումը չի կարող համարվել վագինիզմ ոչ օրգանական բնույթի։
Ա. Մ. Սվյադոշչը առանձնացնում է վագինիզմի 3 աստիճան.
- Կծկումներն առաջանում են սեռական անդամի իմիսիայի կամ գինեկոլոգիական հետազոտությունների ժամանակ։
- Մկանային կծկումներն առաջանում են սեռական օրգանների շփման ժամանակ։
- Մկանային կծկումներն առաջանում են սպասվող սեռական ակտի կամ գինեկոլոգիական հետազոտության ենթարկվելու մտքից։
Վագինիզմը կուսական ամուսնության՝ վիրգոգամիայի պատճառ է հանդիսանում։ Ամուսիններն ապրում են համատեղ կյանքով` իբրև պարզապես ընկերներ կամ քույր և եղբայր։ Եվ միայն երեխա ունենալու ցանկությունն է, որ նրանց կարող է ստիպել դիմելու բժշկական օգնության։ Որոշ դեպքերում վագինիզմը պատճառ է դառնում սեռական կյանքի ալտերնատիվ ձևերի կիրառման, որը ժամանակավորապես լուծում է խնդիրը։
Վագինիզմին ավելի հակված են այն կանայք, որոնք ունեն բնավորության հետևյալ գծերը` էմոցիոնալ անկայունություն, կասկածամտություն, նեղացկոտություն, բարձր ներշնչվողականություն։ Պետք է նշել նաև, որ նման կանանց մոտ ցավի ընկալման շեմը շատ ցածր է։
ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
Հեշտոցային ներթափանցման դժվարություն ունեցող բոլոր այցելուներին պարտադիր պետք է ենթարկել գինեկոլոգիական հետազոտության` բացառելու համար բոլոր այն ախտաբանական վիճակները, որոնք կարող են մեխանիկական արգելք հանդիսանալ հեշտոց մուտք գործելու համար։ Հետազոտության ժամանակ կարելի է շոշափել և տեսնել, որ հեշտոցի մկանները ամուր սեղմված են և հեշտոցամուտքը փակ է։ Սովորաբար կինը ցավի զգացում է ապրում, երբ հետազոտողը փորձում է զգուշորեն մատը մտցնել նրա հեշտոց։ Սակայն շարունակելով այդ փորձը և հատկապես` շեղելով կնոջ ուշադրությունը` հնարավոր է հասնել հեշտոցի մկանների 10-30 վայրկյան տևող թուլացման։ Մատը որոշ ժամանակ հեշտոցի մեջ պահելով` կարելի է հասնել նրան, որ կինը դադարի լարվածություն զգալ և ընտելանա այդ վիճակին։ Այսպիսով, կինը առճակատվում է այն կարևոր փաստի հետ, որ իր հեշտոցում չկա որևէ մեխանիկական արգելք կամ կառուցվածքային շեղում և այսպիսով համոզվում, որ առնանդամի ներհրման խոչընդոտողը մկանային կծկումն է։
Եթե հեշտոցի մկանները մնում են ամուր սեղմված, հաջորդ ախտորոշիչ քայլը մկանային սպազմի պատճառի բացահայտումն է։ Այն կարող է հետևանք լինել ինչպես հոգեբանական, այնպես էլ օրգանական պատճառների։ Ցանկացած գինեկոլոգիական հիվանդություն, որ կարող է սեքսը ցավոտ դարձնել, առաջացնում է հեշտոցային մկանների սպազմ։ Այդպիսի հիվանդություններից են էնդոմետրիոզը, կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունը, վագինիտը, գենիտալ հերպեսը, ծննդաբերական և վիրաբուժական վնասվածքները և այլն։
Այսպիսով, եթե այցելուն նշում է, որ ունի ցավ հեշտոցամուտք ներթափանցման փորձի ժամանակ, ապա բացի մկանային ջղաձգումից, պետք է հաշվի առնել նաև հնարավոր գինեկոլոգիական հիվանդությունները, որոնք ենթակա են համապատասխան բուժման։
ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոգեվերլուծաբանները գտնում են, որ վագինիզմը միջոց է, որով կինը հրաժարվում է կանացի դերից, ընդդիմանում է տղամարդու սեռական առաջնայնությանը, պաշտպանվում է ինցեստային սպառնալիքից, կանխում է երևակայության մեջ իր ամորձատման պատկերների հայտնվելը։
Կապլանի կարծիքով, վագինիզմը կոնվերսիոն խանգարում է, որը տղամարդկանց հանդեպ թշնամանքի դրսևորում է և անգիտակից ցանկություն ամորձատելու նրանց` դրանով վրեժխնդիր լինելով սեփական ամորձատման համար։ Հաճախ վագինիզմը հանդես է գալիս հիստերիկ (կոնվերսիոն) մոնոախտանիշի ձևով, որին բնորոշ է կախվածությունը կոնկրետ իրավիճակից և զուգընկերոջից։ Հիմնականում նման կանանց մոտ դիտվում է վագինիզմի 2-րդ և 3-րդ աստիճանը։
Իմացական-վարքային հոգեբանության տեսանկյունից վագինիզմը վախի հետևանքով զարգացող ռեակցիա է։ Առնանդամի ներհրման պահին իրոք կարող է առաջանալ ցավային զգացողություն՝ կապված ցածր էրոտիկ գրգռվածության հետ, որը լյուբրիկացիայի փսիխոգեն արգելակման հետևանք է։ Արդյունքում ամրապնդվում է այն համոզմունքը, որ առնանդամի ներհրումը կապված է մեծ դժվարությունների՝ ցավի և դիսկոմֆորտի հետ, որն էլ ցավի հանդեպ վախի և ջղաձիգ կծկման ձևով հակազդման պատճառ է դառնում։
Որոշ հեղինակներ վագինիզմը, որի զարգացման հիմքում ընկած է վախը, անվանում են սեքսուալ ֆոբիկ նևրոզ։ Սեքսուալ ֆոբիկ նևրոզ ասելով` նրանք հասկանում են անհաղթահարելի վախ սեռական ակտից (կոիտոֆոբիա) կամ դեֆլորացիայից (դեֆլորացիոֆոբիա), որը սրվում է անմիջապես սեռական ակտի փորձի ժամանակ` դարձնելով անհնարին բուն ակտը և դեֆլորացիան։ Նշված դեպքերում ի հայտ են գալիս էմոցիոնալ խանգարումներ` տագնապ, անհանգստություն, որի հետևանքով նման կանայք խուսափում են բոլոր այն իրավիճակներից, որոնց կարող է հաջորդել սեռական մերձեցումը, և որպես կանոն հրաժարվում են սեռական կյանքից ընդհանրապես։ Ֆոբիկ վագինիզմը ուղեկցվում է փսիխոէրոտիկ գրգռման արգելակմամբ, որն էլ բերում է լյուբրիկացիայի խիստ իջեցման, և զարգանում է 3-րդ աստիճանի վագինիզմ։
Վագինիզմի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ ուշացած սոմատո-փսիխոսեքսուալ զարգացումը, ոչ ճիշտ սեռական դաստիարակությունը, անբավարար տեղեկացվածությունը, անցյալում ունեցած սեքսուալ տրավմաները (սեռական հետապնդումներ), երբեմն նաև` հղիության նկատմամբ վախը։ Կարևոր նշանակություն ունեն նաև միջանձնային հարաբերությունները, մանավանդ` զուգընկերոջ հանդեպ անվստահությունը։
ԲՈՒԺՈՒՄԸ
Վագինիզմի բուժման համար կիրառվում են մի քանի մեթոդներ. հիպնոսուգեստիվ թերապիա, որն ուղղված է սեռական ակտից կամ գինեկոլոգիական հետազոտությունից առաջ վախի զգացողության հաղթահարմանը, փսիխոթերապիա` ուղղված վագինիզմի առաջացման պատճառների բացահայտմանը, սեքս-թերապիա` ըստ Մաստերսի և Ջոնսոնի` օգտագործելով հեշտոցային լայնացման մեթոդները, ինչպես նաև դեղորայքային բուժում։
Դիսպարեունիա
ԲՆՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ DSM IV-ի` «Դիսպարեունիան սեռական ակտի ժամանակ կրկնվող կամ մշտական ցավային զգացողություններն են, որոնք հանդիպում են և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ»։ Այն լուրջ անհանգստություն է պատճառում անձին կամ ստեղծում է միջանձնային լարվածություն, հետևանք չէ որևէ այլ հիվանդության կամ դեղորայքի ընդունման։
Նախկինում սեռական ակտի ժամանակ սեռական օրգաններում ի հայտ եկող ցավը նկարագրելու համար օգտագործվում էր «գենիտալգիա» տերմինը։ Գենիտալգիաներ ասելով հասկացվում էր ինչպես փսիխոգեն, այնպես էլ միզասեռական, գինեկոլոգիական, նևրոլոգիական հիվանդություններով պայմանավորված ցավային զգացողությունները։ Միևնույն ժամանակ, շատ հեղինակներ նշում են, որ անհրաժեշտ է տարբերակել ֆունկցիոնալ գենիտալգիան այլ հիվանդությունների ժամանակ առաջացած ցավային համախտանիշից։
Հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայման համաձայն` ոչ օրգանական բնույթի դիսպարեունիան սեռական ակտի ժամանակ առաջ եկող ցավային զգացողություններն են, որոնց հիմքում ընկած են հուզական պատճառներ։ Ընդ որում, այս խորագիրը օգտագործվում է, երբ չկան հոգեսեռական այլ խանգարումներ, ինչպիսիք են վագինիզմը կամ հեշտոցի չորությունը։
Ինչպես ասվեց` դիսպարեունիան հանդիպում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ, չնայած առաջինների մոտ դրա տոկոսայնությունը անհամեմատ բարձր է։ Այն կապված է կանանց սեռականության առանձնահատկությունների հետ, այն է` նրանց համար հոգեբանական գործոնների մեծ նշանակությունը, սեռական դրսևորումների կախվածությունը անհատական փորձից և, որ ամենակարևորն է` զուգընկերոջ անձնային հատկանիշներից։ Վերոհիշյալ նախապայմանները որոշում են կնոջ սեռական կյանքի որակը։ Կանանց սեռական խանգարումների պատճառ կարող են հանդիսանալ համեմատաբար թույլ հոգեբանական ազդակները, որը վկայում է նրանց սեռականության խոցելիության մասին։
Դիսպարեունիան կարող է հանդես գալ ինչպես առանձին սեռական խանգարման տեսքով, այնպես էլ սեռական ցանկության բացակայության կամ հեշտանքի խանգարման հետ զուգակցված։
ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
Տարբերակիչ ախտորոշումը անց է կացվում դիսպարեունիայի օրգանոգեն և ոչ օրգանոգեն ձևերի միջև։ Սեքսուալ ցավը կարող է հանդես գալ և՛ որպես ախտանիշ` գինեկոլոգիական և ուռոլոգիական մի շարք հիվանդությունների կլինիկական պատկերում, և՛ առաջանալ տարբեր հոգեբանական մեխանիզմներով։ Օրգանոգեն և փսիխոգեն պատճառների տարբերակման լավագույն մեթոդը ցավի բնույթի, նրա տեղակայման, առաջացման պայմանների և թուլացման միջոցների վերաբերյալ տվյալների մանրակրկիտ հավաքագրումը և ուշադիր վերլուծությունն է։ Հայտնի օրինաչափություն է, որ փսիխոգեն ցավը բնութագրվում է իրավիճակային կախվածությամբ, մինչդեռ գինեկոլոգիական հիվանդությունները, ինչպիսիք են, օրինակ` էնդոմետրիոզը, վագինիտը, ենթակա են կենսաբանական տատանումների։ Բժիշկը պետք է հաշվի առնի նաև, որ ցավի տանելիությունը ենթակա է լայն անհատական տատանումների և նկատի առնի այդ փաստը ցավի ուժգնության վերաբերյալ այցելուի ներկայացրած սուբյեկտիվ գնահատականը վերլուծելիս։
Սովորաբար մանրամասն բժշկական անամնեզի հիման վրա կարելի է նեղացնել ցավի առաջացման պատճառների շրջանակը։ Այնուհետև օբյեկտիվ քննության ժամանակ դիտման և շոշափման մեթոդներով վերջնականապես ճշգրտվում է ցավի պատճառը։ Շոշափելիս բժիշկը փորձում է վերարտադրել ցավի զգացողությունը։ Եթե դա ոչ մի կերպ չի հաջողվում անել, ապա ցավի առաջացման գործում մեծ է փսիխոգեն մեխանիզմի դերը։
ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Դիսպարեունիան կարող է սեռական կյանքի նկատմամբ անգիտակից կոնֆլիկտների հետևանք լինել։ Նման դեպքերում ցավը կրում է կոնվերսիոն կամ հիստերիկ բնույթ։ Իրենց սեռական կոնֆլիկտները, սեքսի նկատմամբ մեղքի զգացումը և ամբիվալենտությունը այցելուները վերապրում են իբրև ցավի զգացում, և հաճախ ցավի նշանակության ճանաչումը բերում է բուժման։ Երբեմն սեքսուալ ցավը կապված է դեպրեսիայի, լատենտ շիզոֆրենիայի հետ։ Հակադեպրեսանտների և հակափսիխոտիկ դեղամիջոցների կիրառումը այս դեպքերում բարձր արդյունավետություն ունի։ Նորմալ սեքսուալ զգացողությունները ցավի ձևով ընկալելու հակում ունեն հիպոխոնդրիկ և օբսեսիվ համախտանիշով անձինք, իսկ թեթև արտահայտված ցավային զգացողությանը չափազանցված հակազդում տալը բնորոշ է ֆոբիկտ ագնապային անձանց։
Սեքսուալ ցավ կարող է առաջանալ, երբ սեռական մերձեցման փորձ է կատարվում անբավարար սեռական գրգռման դեպքում կամ սադոմազոխիստական գործողությունների արդյունքում։ Դիսպարեունիան կարող է կապված լինել մկանային լարվածության հետ, որը իմիսիայի իրականացման համար մեծ դժվարություններ է հարուցում, իսկ ներհրումներ կատարելիս լորձաթաղանթի տրավմատիզացիայի հետևանքով առաջանում է ցավ` տեղակայված հեշտոցի, փոքր կոնքի և արտաքին սեռական օրգանների շրջանում։
Աններդաշնակ սեռական կյանքը, որը չի համապատասխանում կնոջ սեռական պահանջներին և նախընտրություններին, կարող է ուղեկցվել բացասական էմոցիաներով` տհաճություն, զզվանք և այլն։ Այս դեպքերում սեքսուալ ֆրուստրացիայով պայմանավորված տհաճ զգացողությունները կնոջ կողմից ընկալվում են իբրև ցավի առկայություն և շարունակաբար կրկնվելով` պատճառ հանդիսանում սեռական հարաբերություններից խուսափելու համար։
Ինչպես արդեն նշվեց, կնոջ սեռական կյանքի որակը մեծապես կախված է միջանձնային հարաբերություններից։ Կոնֆլիկտների վերբալիզացիայի անկարողությունը, կապված կնոջ անինքնավստահության և չափից դուրս համեստության հետ, բերում է «մարմնի լեզվի» ակտիվացմանը։ Սեռական մերձեցման ժամանակ ցավի առաջացումը զուգընկերոջը մերժելու ոչ վերբալ դրսևորումն է։
Ոչ օրգանական ծագման դիսպարեունիան կրում է ընտրողական բնույթ։ Սեռական հարաբերությունը ցավոտ է լինում միայն կոնկրետ զուգընկերոջ հետ մերձեցման փորձի ժամանակ, և իսպառ բացակայում է այլ տղամարդկանց հետ սեռական հարաբերություններում։ Եթե կինը բացասական վերաբերմունք ունի սեռականության հանդեպ ընդհանրապես, ապա դիսպարեունիայի առաջացումը կախված չէ զուգընկերոջ անձնային հատկանիշներից։
Ոչ օրգանական բնույթի դիսպարեունիայի առաջացմանը կարող է նպաստել նաև հղիության և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների նկատմամբ վախը։
Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ ոչ օրգանական բնույթի դիսպարեունիայով կանայք հաճախ ունեն թույլ սեռական կոնստիտուցիա, հոգեսեռական զարգացման տարբեր խանգարումներ։ Գերակշռում են փսիխոսեքսուալ և սոմատոսեքսուալ զարգացման խանգարումների ուշացած ձևերը` պայմանավորված սոցիոգեն և խառը գործոններով։
Ինչպես հայտնի է, սեքսուալության զարգացման վաղ փուլերում մեծ նշանակություն ունեն երեխայի փոխհարաբերությունները մոր հետ։ Այս շրջանում մայր-երեխա շփման միակ և գլխավոր միջոցը տակտիլ զգացողությունն է, որի ընթացքում երեխայի խնամքի ժամանակ մայրը փոխանցում է ամենատարբեր զգացմունքներ` սեր, ջերմություն, զզվանք և ատելություն։ Աղջիկը պետք է ստանա մորից մարմնական լիարժեք բավարարվածություն, որը հիմք է հանդիսանում նրա առողջ սեռականության ձևավորման համար։ Հակառակ դեպքում աղջիկների մոտ ի հայտ է գալիս «դեֆիցիտային» սեռականություն, որը դրսևորվում է տղամարդկանց հետ շփման ժամանակ տագնապի և վախի զգացումով, որն առավել ակնհայտ է դառնում սեռական մերձեցման ընթացքում։ Ի վերջո, ծնողների տված հակասեքսուալ դաստիարակության արդյունքում ձևավորվում են ասեքսուալ վարքային ստերեոտիպեր։ Սեռական հարաբերության հետ կապված ամեն ինչ նրանք ընկալում են իբրև ոչ կարևոր, ոչ պետքական, երբեմն նույնիսկ` զզվելի։ Այդ է պատճառը, որ հետագայում սեռական հարաբերության ընթացքում առաջանում են բացասական հույզեր, որոնք ուղեկցվում են տհաճ զգացողություններով և ցավով։
Հաճախ ոչ օրգանական բնույթի դիսպարեունիան պայմանավորված է կանանց անձնային առանձնահատկություններով։ Սովորաբար նման կանայք ինֆանտիլ են և էմոցիոնալ ոչ հասուն։ Նրանց բնորոշ են բնավորության հետևյալ գծերը. զգայուն են, համեստ, ամաչկոտ, հակված են դեպրեսիվ և հիպոխոնդրիկ ռեակցիաների։ Ապացուցված է, որ նման բնավորության գծերով օժտված անձանց մոտ ցավի ընկալման շեմը շատ ցածր է, այսինքն ցավի նկատմամբ ավելի զգայուն են։
Այսպիսով, ոչ oրգանական բնույթի դիսպարեունիան առաջանում է ամուսնական և սեռական աններդաշնակ հարաբերությունների ֆոնի վրա, հատկապես այն կանանց մոտ, որոնք ունեն փսիխոսեքսուալ զարգացման խանգարումներ և անձնային որոշակի առանձնահատկություններ։
ԲՈՒԺՈՒՄԸ
Բուժման հիմնական մեթոդը հոգեթերապիան է։ Առավել արդյունավետ է ռացիոնալ հոգեթերապիան, որը ուղղված է ցավի առաջացման մեխանիզմի պարզաբանմանը, ախտաբանական դիրքորոշումներով պայմանավորված սոմատիկ և սեռական անլիարժեքության հաղթահարմանը, այցելուի հետ սեռական ֆունկցիայի ֆիզիոլոգիայի և կանանց սեռական կյանքի հոգեբանական ասպեկտի քննարկմանը։
Քանի որ ոչ օրգանական բնույթի դիսպարեունիան հաճախ պայմանավորված է միջանձնային և սեքսուալ աններդաշնակությամբ և զուգորդվում է այլ սեռական խանգարումներով, անհրաժեշտ է նրանց ներդաշնակեցմանը ուղղված աշխատանք տանել։ Այդ նպատակով պետք է ուշադրություն դարձնել զուգընկերների վերբալ փոխազդեցությանը, ինչը կօգնի հասկանալ ինչպես սեփական, այնպես էլ զուգընկերոջ խնդիրները և պահանջները, և փոխըմբռնման արդյունքում կբարձրանա սեռական կոմունիկացիայի մակարդակը։
Սակայն միշտ չէ, որ ներանձնային կամ միջանձնային խնդրի վերացումը բերում է ցավային ախտանիշի անհետացմանը։ Հաճախ ցավային ախտանիշը կարող է բացասական փորձի հետևանք լինել, որը ամեն անգամ սեռական հարաբերությունից առաջ լարվածության և տագնապի տեղիք է տալիս։ Այդ է պատճառը, որ դիսպարեունիայի բուժման համար բավականին արդյունավետ է սեքս-թերապիայի կիրառումը։
Ոչ օրգանական բնույթի դիսպարեունիայի բուժման համար դեղորայքային բուժումը համարվում է հավելյալ մեթոդ։
Ցավ սերմնաժայթքման ժամանակ
Այս հազվադեպ հանդիպող համախտանիշը նմանատիպ է կանանց վագինիզմին։ Այն առաջանում է տղամարդու ներքին վերարտադրողական օրգանների հարթ մկանների, mm. cremaster-ի և շեքի մկանների ոչ կամովի, ցավագին կծկումների հետևանքով։ Սերմնաժայթքման ժամանակ կամ անմիջապես դրանից հետո տղամարդը ունենում է սպաստիկ ցավի զգացողություն, որի ուժգնությունը կարող է տատանվել թույլից մինչև տանջալից և անգամ աշխատունակությունից զրկող աստիճանի։ Ցավը տեղակայված է շեքում և առնանդամի մարմնում, լինում է անցողիկ կամ տևում է մի քանի ժամից մինչև մի քանի օր։ Օբյեկտիվ քննության ժամանակ չեն հայտնաբերվում նորմայից շեղման որևէ նշաններ, նույնիսկ ցավի առկայության դեպքում։ Երբեմն, սակայն, դիտվում է ամորձապարկի կարմրություն, այտուցվածություն, զգայունություն և լարվածություն։
Այցելուներին այս վիճակը մեծ անհանգստություն է պատճառում։ Աստիճանաբար նման տղամարդիկ սկսում են վախենալ հեշտանքից և մշակել դրանից խուսափման տարբեր հնարներ, որը սեքսուալ գրգռման ժամանակ ուժգին կոնֆլիկտ է ստեղծում։ Որոշ տղամարդիկ ցավ են զգում ամեն անգամ սերմնաժայթքում ունենալիս` ինչպես ձեռնաշարժության, այնպես էլ` սեռական հարաբերության ժամանակ։ Մյուսները կարող են ցավ զգալ իրավիճակից կախված, երբ սերմնաժայթքման նկատմամբ դրսևորում են ամբիվալենտ վերաբերմունք։
ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
Կան մի շարք հիվանդություններ, որոնց ժամանակ սերմնաժայթքումը կարող է ուղեկցվել ցավով. դրանցից են պրոստատիտը, էպիդիդիմիտը, վեզիկուլիտը, ատրոֆիկ կոլիկուլիտը, միզուկի հիվանդությունները։ Էյակուլյատոր ցավի օրգանոգեն պատճառները սովորաբար հազվադեպ հանդիպող են, սակայն դրանք ամեն դեպքում պետք է բացառել, որպեսզի ուշադրությունից չվրիպեն վտանգավոր հիվանդությունները, ներառյալ` առնանդամի քաղցկեղը։ Ախտորոշման համար բավական է լինում ցավի վերաբերյալ մանրակրկիտ տեղեկության հավաքագրումը, օրգանական հիվանդությունների բացառումը։
ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Գերակշռող դեպքերում այս վիճակի հիմքում ընկած են հոգեբանական մեխանիզմներ։ Ամենայն հավանականությամբ էյակուլյատոր ցավը և ուշացած սերմնաժայթքումը միևնույն ախտաբանական վիճակի երկու տարբեր դրսևորումներ են, երկուսն էլ կապված հեշտանքի նկատմամբ ամբիվալենտ վերաբերմունքի հետ։
ԲՈՒԺՈՒՄԸ
Բուժումը իրականացվում է սեքս-թերապիայի միջոցով, որը ունենում է բարձր արդյունավետություն։
Կարդացեք նաև
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...
Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն